Ուրցասարի կարմիրգրքյան տեսակները տրավերտինի հանքերի զոհ

 «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ կենսաբանանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանն ասաց, որ Ուրցասարում, որը մուֆլոնի ծննդավայրն է եւ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի աճելավայր, տրավերտինի հանք են շահագործում:

 «Նախկին նախագահը պոկեց Խոսրովի արգելոցի ամենակարեւոր կտորը`  Ուրցասարի լեռնաշղթան: Ամբողջ կյանքում ես պայքարել եմ Ուրցասարի լեռնաշղթայի համար, որ այն չսեփականաշնորհեն: Դա մուֆլոնի ծննդավայրն է եւ այնտեղ կա իրանական ֆլորայի շատ հետաքրքիր կտոր: Ես` ինքս, այնտեղ գիտության համար նոր 5 տեսակ եմ հանտնաբերել: Այժմ այնտեղ տրավերտինի հանք են շահագործում: Հանքերը բարձրացել են մինչեւ Ուրցասարի վերին հատվածը: Այնտեղ աճում է հազվադեպ հանդիպող տերեփուկը, որը կա միայն Մուշում, Բիթլիսում եւ Վանի մոտ: Եւ ես այն գտել եմ հենց այն վայրի ստորոտին, որտեղ տրավերտին են արդյունահանում: Այդ տրավերտինները կարելի է անընդհատ արդյունահանել եւ ոչնչացնել Ուրցասարը: Պետք է քայլեր ձեռնարկել` փրկելու Ուրցասարը»,- ավելացրեց Էլեոնորա Գաբրիելյանը: 

«ԷկոԼուր»ՀԿ-ի տեղեկատվությամբ, ՄուՖլոնը եւ տերեփուկը գրանցված են ՀՀ կենդանիների եւ բույսերի կարմիր գրքում: Եւ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է ընդերքի շահագործում այն տեղամասերում, որտեղ կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ կենդանիների միգրացիոն ուղիներ:

 Որցասարի լեռնաշղթան  Խոսրովի արգելոցից օտարվել է 2006թ-ին, այնտեղ, ըստ  ինտերնետային գովազդների, գործել է «Safari International» որսորդական կազմակերպությունը:

Արդեն քանի տարի է, էկոլոգները պայքարում են Ուրցասարը Խոսրովի արգելոց վերադարձնելու համար, սակայն` ապարդյուն:

www.ecostimule.com

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights