Շնորհակալությո՛ւն բնությանը և բնապահպաններին

ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին,«Պողոսյան պարտեզներ»ընկերության այգում անցկացրել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և «Բնապահպանի»օրվան նվիրված միջոցառումներ:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ 50 կազմակերպություն` ՀՀ ԲՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, բնապահպանական միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և կրթօջախներ, կանաչ տեխնոլոգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, մշակույթի կենտրոններ:

Իր ելույթում, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհավորելով ներկաներին` խոսել է օրվա խորհրդի մասին և որ այն չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է ուղեկցի մեզ յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վեր հանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի:

«Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և դառնա Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը»:

Նա նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր կարողանում են ինքնուրույն ներկայացնել իրենց խնդիրը բնապահպանության ոլորտի հետ կապված և տեսանելի են դարձնում այն բոլոր թերությունները, որոնք մենք չենք տեսնում:

Նախարարը կոչ արեր քաղաքացիներին՝ համատեղելու մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար:

Միջոցառմանն անցկացվել են նաև մանկական նկարչական ֆլեշմոբ և «Նոր շունչ օգտագործված իրերին մանկան ձեռքերով» միջոցառումները:

www.ecostimule.com

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.