
Ներկայացվեց <<Թափոնների կառավարումը Հայաստանում>> ծրագրի զեկույցը
Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապահպանական խնդիր է, որը կուտակվել է դարերի ընթացքում, առաջացնելով աղտոտվածություն, և հասունացել է այն լուծելու պահը
Հայաստանի կառավարությունը, Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը Շվեդիայի կառավարության հետ համատեղ, մեկնարկել է ծրագիր, որով սկիզբ կդրվի նոր թափոնների վերամշակման քաղաքականությանը։
Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը ոլորտի շահագրգիռ կառուցների ներկայացուցիչների եւ միջազգային փորձագետների հետ կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով, որն անցկացվեց «Կայուն զարգացման նպատակների փորձագետների փոխանակման հայ—շվեդական ծրագրի» շրջանակներում։ Այն ֆինանսավորում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը եւ ղեկավարում է Շվեդիայում «Life» հիմնադրամը։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ներկայացրեց վերջին ամիսներին թափոնների կառավարման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Այս ընթացքում նոր կառավարության ձեւավորումից հետո, ի թիվս այլ ոլորտների, սկիզբ է դրվել թափոնների համալիր կառավարման համակարգի մշակմանը։ Այդ նպատակով օգոստոս ամսին կազմակերպվել են միջգերատեսչական հանդիպումներ, արդյունքում որոշում է կայացվել ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ պետական կառույցներին, խնդրով մտահոգ ՀԿ—ներին եւ հետազոտական կազմակերպություններին։ Ինչպես տեղեկացրեց Արսեն Գասպարյանը, այս համատեքստում համագործակցություն է սկսվել Ամերիկյան համալսարանի հետ, որը մեծ փորձ ու գիտական ներուժ ունի այս ոլորտում։
Հոկտեմբերի 4—ին ստեղծվել է աշխատանքային խումբ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքների իրականացման համար։ Այս շրջանակներում իրականացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտեր եւ առկա ռազմավարության ընթացիկ ծրագրերի ուսումնասիրություններ։ Ընդ որում, նա ընդգծեց, որ ուսումնասիրվել են նաեւ «Սանիթեք» ընկերության պայմանագիրն ու կատարման ընթացքը։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի մոտեցմամբ, վերամշակման ռազմավարությունը պետք է մշակվի քայլ առ քայլ ողջ հանրապետության տարածքում՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները եւ խնդրին համալիր մոտեցում տալու կարեւորությունը։ Թափոնների կառավարումը ներառում է կենցաղային, գյուղատնտեսության բժշկական արդյունաբերական թափոններ, բացառությամբ հանքարդյունաբերական պոչամբարների եւ ռադիոակտիվ թափոնների, որոնք առանձնահատուկ մոտեցում են պահանջում։
Անհրաժեշտ է ունենալ կոշտ կենցաղային թափոնների քանակի եւ մորֆոլոգիական կազմի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն։ Այս նպատակով աշխատանքային խմբի կողմից եւ համալսարանի հետ համատեղ մշակվել է տեխնիկական առաջադրանք, որտեղ հստակ շարադրված է թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ թափոնների կառավարման ռազմավարության մշակման համար։ Մի շարք բանակցություններ են տարվել եվրոպական, ամերիկյան եւ չինական կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններիս առաջարկները եւս ներառվեն հետազոտական աշխատանքներում։
Այս պահին աղբի որակի եւ քանակի ուսումնասիրման առաջարկներ են ներկայացրել տարբեր ընկերություններ։ Մոտ օրերս հանձնաժողովի կողմից կընտրվի այն ընկերությունը, որը իրականացնելու է այս հետազոտությունը։ Հաջորդ փուլը ենթադրում է ռազմավարության մշակում, որի հիման վրա ձեւավորվելու է Հայաստանի թափոնների կառավարման համակարգը։
Ըստ նախնական քննարկումների՝ հնարավոր է Հայաստանը բաժանել մի քանի տարածաշրջանների, որտեղ կոշտ թափոնների համալիր կառավարումը, տեղակայումը, վերամշակումը եւ էներգիայի արտադրությունը կիրականացվեն տարբեր ընկերությունների կողմից։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ զբաղվող արեւմտյան խոշոր ընկերությունների հետ Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրեր մշակելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրեց Ա.Գասպարյանը, Հայաստանում աղբից էներգիայի ստացման գործարան կառուցելու ցանկություն են հայտնել ֆրանսիական եւ կանադական ընկերություններ։ Գործարան կառուցելու մտադրություն ունի նաեւ Չինաստանը։ Նրա վստահեցմամբ՝ եռօրյա համաժողովը կնպաստի այս ուղղությամբ աշխատանքների բարեհաջող իրականացմանը։
Հայ–ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանից տեղեկացանք, որ ծրագրի տեւողությունը 11 ամիս է, որի իրականացումը թույլ կտա բացահայտել քաղաքականության ուրվագծերն ու ճանապարհային քարտեզը, որպեսզի հստակ լինեն հետագա աշխատանքների ուղղությունն ու ընթացքը։ Այս ուղղությամբ պետք է նախ օրենսդրական փոփոխություններ իրականացվեն, այնուհետեւ քննարկումներ ծավալվեն ներդրումային ծրագրերի շուրջ։ Պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, թե որ ծրագրերն են առավել արդյունավետ մեր երկրի համար՝ հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ։ Ալեն Ամիրխանյանը խոստովանեց, որ առ այսօր թափոնների կառավարման պատշաճ քաղաքականություն չի տարվել երկրում, ունեցել ենք աղբավայրերի մշակման որոշակի քաղաքականություն, սակայն այն չի դիտարկվել որպես բնապահպանական լրջագույն խնդիր։
Հայաստանում Շվեդիայի դեսպան Մարտին Ֆրեդրիկսոնը հավելեց, որ ԱԺ ընտրություններից հետո պետք է անհապաղ գաղափարները վերածել ռեֆորմների։ Հայաստանում կա մեծ պոտենցիալ, սակայն պետք է մտածել՝ ինչպես կարգավորել թափոնների կառավարման խնդիրը, որ արդյունավետ ու կատարյալ լինի երկրի համար։ Նա վստահ է, որ շվեդ փորձագետների կողմից ներկայացվող գիտական փորձը կլինի լավագույնը Հայաստանի համար եւ նախագծի բարեհաջող ընթացքից ու բարեհաջող ավարտից հետո իրենց համագործակցությունը կշարունակվի նաեւ տնտեսության այլ ոլորտներում։
Related Post
BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...
BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...
Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...
Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...
Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ
Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...
Leave us a comment
logged inYou must be to post a comment.