Ընդերքօգտագործման հողերը գյուղատնտեսական հողերի հաշվին

grasslands-los-pozos-6x4

Ըստ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի, մայիսի 29-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտ Վարդևանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող, ասաց, որ  2002-2014 թթ. մոտ 800 միլիոն մարդու համար սնունդը չի բավարարել. ութ մարդուց մեկը սոված է մնացել: 

«ՄԱԿ-ը հայտարարել է հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օր: Պարենային անվտանգության հարցում հողերը առաջնային դեր ունեն և հողերի պահպանությունը առաջնային է», – ասաց Աշոտ Վարդևանյանը:

Նա նշեց, որ մայիսի 27-ին  կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց կառավարության նոր որոշումը՝ Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը, որը համապատասախանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության հարցերին:

Անդրադառնալով դրական և բացասական միտումներին՝ Աշոտ Վարդևանյանը նշեց. «Դրականն այն է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները ընդլայնվել են 102.4 հազար հեկտարով, բազմամյա տնկարքները 7 տարվա ընթացքում  ավելացել են մոտ 4500 հեկտարով: Իսկ բացասականն այն է, որ խոտհարքները պակասել են 5.8 հազար հեկտարով, վարելահողերը՝ 4.6 հազար հեկտարով, արոտները՝ 64.1 հազար հեկտարով: Ամենավտանգավորն ու ցավալին այն է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման հողերն են ընդլայնվում՝ 2013-2014 թթ. 1460 հեկտարով, և հիմնականում այս թիվը կապված է գյուղատնտեսական հողերի հետ: Դա շատ վատ միտում է…Պոչամբարները կազմում են 1500 հեկտար, դա բավականին մեծ թիվ է…Բաց եղանակով հանքավայրերի, պոչամբարների 1 հեկտարը աղտոտում է մոտ 10 հեկտար շրջակա տարածք: Մենք չպետք է միաժամանակ այսքան շատ հանք շահագործենք: Նոր հանք բացելիս` մենք պետք է վերականգնենք մեր կողմից նախկինում վնասված համապատասխան տարածքը, հետո նոր անցնենք նոր տարածքի: Ուրիշ նպատակներով կարելի է օգտագործել, ինչ-որ մի քանի տարի շահույթ ստանալ, բայց մի քանի տասնյակ տարի հետո այդ հողը կդառնա անապատ և ոչ պիտանի տնտեսության մեջ օգտագործելու համար: Եվ ինչքան ներդրում պետք է անեն, որ այդ հողը կարողանան վերականգնել: Ի տարբերություն մյուս բնական ռեսուրսների, հողը չվերականգնվող ռեսուրս է»:

Ա. Վարդևանյանը ասաց, որ  ներկայումս համաշխարհային մաշտաբով նոր միտում է  սկսվել՝ հողերի չեզոք դեգրադացիա, ինչը նշանակում է, որ բերրի, առողջ հողերի քանակը ժամանակի ընթացքում չի նվազում, այլ նույնիսկ ավելանում է:

«Մենք մեր բարիք ստեղծող հողերին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք: Մեր գյուղատնտեսական մշակովի հողերի 80 տոկոսը ոռոգման կարիք ունեն, սակայն ոռոգվում են ընդամենը 50 տոկոսը, իսկ մնացած 30 տոկոսը Աստծո հույսին է. կամ լավ բերք կստանանք, կամ լավ բերք չենք ստանա», – ասաց Ա. Վարդևանյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով մեր երկիրը լուրջ խնդիր ունի թափոնների հետ` ինչպես կոմունալ, այդպես էլ արդյունաբերական: Նա դրական գնահատեց կառավարության որոշումը՝ կապված պոչամբարների վերամշակման հետ:

«Ասեմ, որ թափոնների վերաբերյալ քննարկումներին վեճեր են ընթացել նախարարությունների միջև, որովհետև ամեն նախարարություն ինչ-որ փոքր ֆունկցիա ունի: Չկա որևէ օղակ, որը այդ բոլորը համակարգում է, և պատասխանատվությունները գցում են իրար վրա: Արդյունքում ունենք այս վիճակը մեր երկրում», – ասաց Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ այստեղ առկա է լուրջ ինստիտուցիոնալ խնդիր:

Բանախոսը նշեց, որ եթե նախկինում հազարամյակի 8 նպատակից 1-ն էր էկոլոգիական, ապա Կայուն զարգացման 17 նպատակից 9-ը էկոլոգիական է, իսկ մնացածը այս կամ այլ կերպ կապված են էկոլոգիայի հետ: «Սա ցույց է տալիս՝ ինչ վիճակում է մեր մոլորակը և ինչքան անհանգստացած է միջազգային փորձագիտական հանրությունը», – եզրափակեց Կարինե Դանիելյանը:

www.ecostimule.com

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.